Ջրային ռեսուրսները բոլոր մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրերն են, այդ թվում՝ առուները, գետերը, աղբյուրները, գերխոնավ տարածքները, լճերը, լճակները, ձնածածկույթները, սառցադաշտերը, ջրանցիկ շերտերը և ջրային որևէ այլ մարմինները, ներառյալ՝ կարճատև ջրային ռեսուրսները.
Ջրօգտագործումը ջրային ռեսուրսից ջուր վերցնելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաև ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը.
Կեղտաջրերը ջրային ռեսուրս թափվող աղտոտված ջրերն են.
Ջրավազանային կառավարման պլանը ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ է, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման և պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի նպատակների իրականացման համար.
Ջրային ռեսուրսների մոնիտորինգը հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, հիդրոֆիզիկական և հիդրոքիմիական ցուցանիշների նկատմամբ կանոնակարգված (և տարածման ենթակա) դիտարկումների համակարգ է, որն ապահովում է դրանց հավաքումը և մշակումը.
Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան վնասակար նյութի այն քանակն է, որի առկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա և չի առաջացնում անբարենպաստ հետևանքներ։
Թույլատրելի սահմանային արտահոսքը՝ վնասակար նյութի այն նորմավորված մեծությունն է, որը սահմանվում է ջրերի կետային և (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար՝ հաշվի առնելով արտահոսքի տեխնոլոգիական նորմավորման և ջրային ռեսուրսների ֆոնային աղտոտվածությունը բնութագրող մեծությունները։