ԹԿՊ5-ն և ամոնիումը ջրի օրգանական աղտոտվածության բնութագրման հիմնական ցուցանիշներն են: ԹԿՊ5-ն ցույց է տալիս, թե որքան լուծված թթվածին է սպառվում ջրում առկա օրգանական նյութերի տարալուծման համար: Այս ցուցանիշների կոնցենտրացիաները սովորաբար աճում են կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության, արդյունաբերական և գյուղատնտեսական հոսքաջրերի արտահոսքի օրգանական աղտոտման արդյունքում: Օրգանական աղտոտվածությունը կարող է հանգեցնել գետի ջրի դեօքսիդացման, ամոնիումի կոնցենտրացիայի բարձրացման, ձկների և անողնաշարավորների անհետացման: Հայաստանում օրգանական նյութերի հիմնական աղբյուրը կեղտաջրերն են (չմաքրված կամ ոչ բավարար մաքրված), որոնք մաքրման կայանների բացակայության պատճառով թափվում են անմիջապես գետեր:
2010-2021թթ. ԹԿՊ5-ի և ամոնիումի միջին կոնցենտրացիաները աճել են բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում՝ չմաքրված կենցաղային կեղտաջրերի և գյուղատնտեսական արտահոսքերի հետևանքով: 2010-2021թթ. բնակավայրերից ներքև ընկած դիտակետերում ԹԿՊ5-ի միջին կոնցենտրացիան աճել է 53%-ով, իսկ ամոնիումի կոնցենտրացիան՝ ավելի քան 2 անգամ։ ԹԿՊ5-ի և ամոնիումի միջին կոնցենտրացիաները համեմատաբար ավելի կայուն են բնակավայրերից վերև գտնվող դիտակետերում: Սա նշանակում է, որ ավելի քիչ բնակեցված տարածքներում քիչ է կոմունալ-կենղացային կեղտաջրերի չափաբաժինը: Ներգրավված բոլոր 45 դիտակետերում 2010-2021թթ. աճը փոքր ինչ ավելի ցածր է, քան բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում:
Հրազդան գետը Հայաստանի ամենաերկար և ամենաաղտոտված գետերից մեկն է: Կեղտաջրերի մաքրման կայանի բացակայության ազդեցությունը հատկապես նկատվում է 55-րդ դիտակետում, որը Երևան քաղաքից հետո առաջին դիտակետն է (Հայաստանի մայրաքաղաք, շուրջ 1 միլիոն բնակչություն) և բնութագրում է քաղաքի կոմունալ-կենցաղային ազդեցությունը գետի վրա: Այս հանգամանքն ունի մեծ ազդեցություն միջինացված ժամանակային շարքերի վրա, հատկապես ամոնիումի համար: 2021 թվականին ամոնիումի միջին կոնցենտրացիան բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում ավելի քան 2 անգամ բարձր է, երբ այստեղ ներառված է 55-րդ դիտակետը: Միջինացված արդյունքների տարբերությունը՝ 55-րդ դիտակետը ներառած կամ առանց դրա ներառման, ժամանակի ընթացքում աճում է: ԹԿՊ5-ի համար տարբերությունն ավելի փոքր է, սակայն այս դեպքում ևս ժամանակից կախված կա աճման միտում, ինչը նշանակում է, որ ԹԿՊ5-ն 55-րդ դիտակետում աճում է ավելի շատ, քան մնացած դիտակետերում:
 |
 |
Նկար 4 - Գետեր – ԹԿՊ5 (2021)
|
Նկար 5 – Գետեր –Ամոնիում (2021)
|
Տվյալների աղբյուր
Քարտեզները տրամադրվել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Ծանոթագրություն՝ Գետերի մոնիթորինգի դիտակետերի բաշխումը ըստ ջրի որակի դասերի ԹԿՊ5-ով (ձախ) և ամոնիումով (աջ) Հայաստանի Հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքներում (Ախուրյան, Արարատյան, Հրազդան, Հյուսիսային, Սևան, Հարավային)՝ ելնելով 2021 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաներից. Փակագծերում բերված են մոնիթորինգի դիտակետերի քանակը համապատասխան ՋԿՏ-ում: Կիրառվել է ազգային գնահատման համակարգը: Համապատասխան ազգային նորմերի մասին տեղեկություն ստանալու համար նայել «Ազգային թիրախ» բաժնում ցուցանիշի բնութագիրը:
Գնահատման համակարգը նույնն է, ինչը օգտագործվում է EEA ցուցանիշ WAT 002-Թթվածին սպառող նյութերը Եվրոպական գետերում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս ցուցանիշների ճշգրտման բաժինը:
Ծանոթագրություն՝ Գետերի մոնիթորինգի դիտակետերի բաշխումը ըստ ամոնիումի կոնցենտրացիայի դասերի Հայաստանի Հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքներում (Ախուրյանի, Արարատյան, Հրազդան, Հյուսիսային, Սևան, Հարավային) `ելնելով 2021 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաներից:
2021 թվականին բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերի համար միջին ԹԿՊ5-ն 64%-ով բարձր է, քան բնակավայրերից վերև գտնվող դիտակետերում, ինչը, մասնավորապես, արտացոլում է չմաքրված կեղտաջրերի արտահոսքը: Տարբերությունն անհամեմատ ավելի մեծ է ամոնիումի համար, որտեղ 2021 թվականին բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերի միջին ցուցանիշները 5 անգամ բարձր է, քան բնակավայրերից վերև գտնվող դիտակետերի միջին ցուցանիշները (և համապատասխան 9 անգամ բարձր՝ ներառած 55-րդ դիտակետը):
2021 թվականին Ախուրյան ՋԿՏ-ի Կարկաչուն գետի N38 և Հարավային ՋԿՏ-ի Կարճևան գետի N344 դիտակետերում ջրի որակը, համաձայն ջրի որակի ազգային նորմերի, գնահատվել է «վատ»՝ պայմանավորված ԹԿՊ5-ի և այլ ցուցանիշների բարձր կոնցետրացիայով։
2021 թվականին ամոնիումի միջին կոնցենտրացիաների տվյալների համաձայն բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերը հիմնականում «անբավարար» կամ «վատ» որակի են։ Ամոնիումի բարձր կոնցենտրացիաները դիտվել են Հրազդանի ՋԿՏ-ի դիտակետերի մեծ մասում, Հյուսիսային ՋԿՏ-ի Փամբակ գետի N4, Ախուրյան ՋԿՏ-ի Կարկաչուն գետի N38, Հարավային ՋԿՏ-ի Կարճևան գետի N344 և Վարարակ գետի N107 դիտակետերում, որտեղ ջրի որակը գնահատվել է «վատ»՝ պայմանավորված նաև այլ ցուցանիշներով։
Ընդհանուր առմամբ, ԹԿՊ5-ի և ամոնիումի ամենաբարձր կոնցենտրացիան 2021 թվականին նկատվում է Հրազդան գետում` Երևան քաղաքից ներքև գտնվող դիտակետում (55-րդ դիտակետ): Հրազդան գետի ավազանը Հայաստանի ամենաբնակեցված գետավազանն է, որտեղ գերակշռում են ջրի «վատ» որակ ցուցաբերած դիտակետերը և դիտվում է հատկապես ամոնիումով աղտոտվածություն:
Ինդիկատորի սահմանում
C-10 ինդիկատոր - Կենսաքիմիական թթվածնի պահանջարկը (ԹԿՊ5) և ամոնիումի կոնցենտրացիան գետերում
Այս ինդիկատորը ցույց է տալիս ջրային մարմիններում թթվածնի կոնցենտրացիայի մակարդակը՝ արտահայտված կենսաքիմիական թթվածնի պահանջարկով (ԹԿՊ5)՝ լուծված թթվածնի քանակը, որն անհրաժեշտ է աերոբիկ ջրում առկա օրգանական նյութերի տարրալուծման համար) և ամոնիումի (NH4-NNH4) կոնցենտրացիաների մակարդակը գետերում:
Միավորներ
ԹԿՊ5-ի տարեկան միջինը արտահայտվում է մգO2/լ-ով, ամոնիումի կոնցենտրացիան՝ արտահայտվում է մգN/լ-ով։
Հիմնավորում
Ինդիկատորի ընտրության հիմնավորում
Մեծ քանակությամբ օրգանական նյութերի առկայությունը (մանրէներ և քայքայվող օրգանական թափոններ) կարող է հանգեցնել գետի ջրի քիմիական աղտոտվածության աճի և կենսաբանական որակի նվազմանը, ջրային համայնքների կենսաբազմազանության խախտմանը և մանրէաբանական աղտոտմանը, որը կարող է ազդել խմելու և լողանալու ջրի որակի վրա: Օրգանական նյութերի աղբյուրներն են կեղտաջրերի արտահոսքերը, արդյունաբերական կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքերը: Օրգանական աղտոտումը հանգեցնում է թթվածին պահանջող նյութափոխանակության գործընթացների տեմպերի արագացմանը: Դա կարող է բերել առանց թթվածնի ջրային գոտիների առաջացմանը (անաերոբ պայմաններ):
Անաերոբ պայմաններում ազոտի վերափոխումը այլ ձևերի, իր հերթին, հանգեցնում է ամոնիումի կոնցենտրացիայի աճի, որի բարձր պարունակությունը՝ կախված ջրի ջերմաստիճանից, աղայնությունից և ջրածնային ցուցիչից, ջրային էկոհամակարգի համար համարվում է թունավոր:
Գիտական տեղեկանք
- UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C10. Biochemical oxygen (BOD) and concentration of ammonium in rivers.
- UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C10. Biochemical oxygen demand (BOD) and concentration of ammonium in rivers.
Համատեքստի նկարագրություն
Ազգային քաղաքականության համատեքստ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք (ընդունված է 04.06.2002թ.)
Սույն օրենսգիրքը կարգավորում է ջրային հարաբերությունները ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանության և զարգացման բնագավառում՝ բնակչության համար երաշխավորված, համարժեք և անվտանգ ջրամատակարարման, շրջակա միջավայրի պահպանության և երկրի ջրային ֆոնդի ռացիոնալ զարգացման համար:
N75-Ն ՀՀ կառավարության որոշում «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» (ընդունված է 27.01.2011թ.)
Սահմանում է յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի նորմերը՝ կախված տեղանքի առանձնահատկություններից։
Միջազգային քաղաքականության համատեքստ
UNECE-WHO/ Ջրի և առողջության մասին Եվրոպական արձանագրության նպատակն է պաշտպանել մարդու առողջությունը ջրի ավելի արդյունավետ կառավարման և ջրի հետ կապված հիվանդությունների նվազեցման միջոցներով։ Արձանագրությունն հիմք է տալիս գործնականում կիրառել մարդու իրավունքները ջրամատակարարման և ջրահեռացման և ԿԶՆ 6-ի իրականացման համար։ Արձանագրությունը ստորագրվել է 1999 թվականին, սակայն վավերացումը ընթացքի մեջ է և դեռ վերջնական տեսքի չի բերվել:
Թիրախներ
Ազգային թիրախներ
Որոշ պարամետրերի նորմերը՝ համաձայն Կառավարության №75-Ն որոշման։
Ցուցանիշ |
Որակի դասեր |
I (գերազանց) |
II (լավ) |
III (միջակ) |
IV (անբավարար) |
V (վատ) |
Ամոնիում իոն, մգ N/լ |
<0.2 |
0.2-0.4 |
0.4-1.2 |
1.2-2.4 |
>2.4 |
ԹԿՊ5, մգ O2/լ |
<3.0 |
3.0-5.0 |
5.0-9.0 |
9.0-18 |
>18 |
Միջազգային թիրախներ
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակ 6 թիրախ 6.3 նպատակ ունի մինչև 2030 թվականը հասնել ջրի որակի բարելավմանը` նվազեցնելով աղտոտվածությունը, վերացնելով թափոնները և նվազագույնի հասցնելով վտանգավոր քիմիական նյութերը և նյութերի արտանետումները, կիսով չափ կրճատելով չմշակված կեղտաջրերի մասնաբաժինը և զգալիորեն ավելացնելով վերամշակումը և անվտանգ վերօգտագործումը ողջ աշխարհում:
Քաղաքականությանը առնչվող փաստաթղթեր
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք (ընդունված է 04.06.2002թ.)
N75-Ն ՀՀ կառավարության որոշում «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» (ընդունված է 27.01.2011թ.)
Ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանություն
Գետերում ԹԿՊ5-ի և ամոնիումի կոնցենտրացիաների մոնիթորինգի ծրագիրը կազմված է այնպես, որ հաշվի առնվի ցուցանիշների տարածական և ժամանակային դինամիկան: Մոնիթորինգի վայրերը տեղակայված են ինչպես բնակավայրերից վերև, այնպես էլ նրանցից ներքև, ինչը տեղեկատվություն է տալիս ինչպես ֆոնային կոնցենտրացիաների, այնպես էլ բնակավայրերի ազդեցության մասին: Գետերի տեղամասերի թիվը 45 է (21-ը բնակավայրերից վերև և 24-ը բնակավայրերից ներքև), որոնք ներկայացնում են 22 գետ: Դիտարկման հաճախականությունը տարեկան 7-12 անգամ է՝ ընդգրկելով բոլոր հիդրոլոգիական փուլերը:
Քիմիական անալիզներն իրականացվում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Յուրաքանչյուր դիտակետի համար տարեկան ժամանակային շարքերը հաշվարկվում են՝ միջինացնելով առանձին նմուշառման արժեքները տարվա կտրվածքով։ Միջին ժամանակային շարքերը հաշվարկվում են որպես առանձին տարեկան ժամանակային շարքերի միջինացված տվյալ: Գետերի համար առանձին միջինացումը կատարվում է բնակավայրերից վերև և ներքև գտնվող գետերի դիտակետերի համար:
Բացը լրացնելու մեթոդաբանություն
Ժամանակային շարքերի և նրանց միտումների վերլուծության համար օգտագործվում են միայն ամբողջական շարքերը (այսինքն՝ կայքի տվյալների շարքում բացակայող արժեքներ չկան): Դա երաշխավորում է միջինացված տվյալների շարքերի համապատասխանությունը: Այս կերպ գնահատումները հիմնված են կոնցենտրացիայի իրական փոփոխությունների վրա, այլ ոչ թե դիտակետերի քանակի փոփոխության վրա: Այսպիսով, բացը լրացնելու մեթոդաբանության կիրառման կարիք չի եղել։
Մեթոդաբանության հղումներ
- EEA, 2005. EEA core set of indicators guide. EEA Technical report No 1/2005, ISBN 92-9167-757-4, Luxembourg.
- ISO 7150-1:1984 Water quality — Determination of ammonium — Part 1: Manual spectrometric method. The procedure is applicable to the analysis of potable water, and most raw and waste waters. Application to excessively coloured or saline waters shall be preceded by distillation.
- ISO 5815-2: 2003 Environmental protection and environmental management. Analytical control and monitoring. Water quality. Determination of biochemical oxygen consumption after n days (BODn). Part 2. Method without diluting samples.
- UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C10. Biochemical oxygen demand (BOD) and concentration of ammonium in rivers.
- UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C10. Biochemical oxygen demand (BOD) and concentration of ammonium in rivers.
- UNSD and UNEP, 2013. Questionnaire 2013 on Environment Statistics. United Nations Statistics Division and United Nations Environment Programme, Questionnaire 2013 on Environment Statistics, Section Water.
Մեթոդաբանության անորոշություն
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել։
Հավաքական տվյալների անորոշություն
Անորոշություն չի հայտնաբերվել։
Բանական անորոշություններ
Թթվածնի կենսաքիմիական պահանջը և ընդհանուր ամոնիումը այն ցուցանիշներն են, որոնք լավ են արտահայտում ջրի աղտոտվածությունը թթվածնի սպառման հետևանքով։ Այնուամենայնիվ, տարեկան միջին արժեքների օգտագործումը կարող է ոչ լիովին ներկայացնել մտահոգիչ վիճակը՝ պայմանավորված թթվածնի պարունակությամբ։
-
-
- ArmStatBank Գետերի ջրի որակի ցուցանիշներ, ըստ դիտակետերի և տարիների։
Մակերևութային ջրերում ԹԿՊ5-ի և ամոնիումի կոնցենտրացիաների վերաբերյալ տվյալները հասանելի են սկսած 1977թ․-ից և պահվում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ազգային տվյալների բազայում։
- Ջրի որակի հաշվետվություն 2021թ․: Գետերի մոնիթորինգի դիտակետերի դասակարգումը հիմնված ԹԿՊ5-ի և ամոնիումի կոնցենտրացիաների (ըստ ջրի որակի ազգային նորմերի) հրապարակվում են մակերևութային ջրերի որակի ամսական և տարեկան հաշվետվություններում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: