Հայաստանի Հանրապետության կլիման

Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է ընդարձակ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասը։ Աշխարհագրական դիրքը հարավից՝ հյուսիսային լայնության 38° 50', հյուսիսից՝ հյուսիսային լայնության 41° 18', արևմուտքից՝ արևելյան երկայնության 43° 27', արևելքից՝ արևելյան երկայնության 46° 37': Հայաստանի տարածքը կազմում է 29740 քառ. կմ։ Երկրի ամենացածր կետը գտնվում է հյուսիսում՝ Դեբեդի կիրճում (ծովի մակարդակից 375 մետր բարձրություն), իսկ ամենաբարձրը՝ Արագածի հյուսիսային գագաթն է (4090 մետր)։ Երկրի տարածքի 90% գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրութան վրա, իսկ միջին բարձրությունը կազմում է 1800 մետր։ Հայաստանի հարևան երկրներն են. hյուսիսում` Վրաստանը, արևելքում` Ադրբեջանը, հարավում`  Իրանը, արևմուտքում` Թուրքիան։

ՀՀ-ն չունի ելք դեպի ծով, անջատված է օվկիանոսներից և ծովերից, մասնավորապես՝ Միջերկրական ծովից 750 կմ, Սև ծովից 163 կմ, Կասպից ծովից 193 կմ։ Ռելիեֆը բարդ լեռնային է։ Այստեղ զուգակցվում են ծալքավոր, ծալքավոր-բեկորային և հրաբխային լեռները, ալյուվիալ հարթավայրերն ու բարձրլեռնային լավային սարավանդները, նեղ գետային հովիտները և միջլեռնային գոգահովիտները։ Հայաստանի գրեթե ողջ տարածքը շրջապատված է բարձր լեռնաշղթաներով, որոնք  տարածվում են շուրջ 3000 կմ։
Պայմանականորեն երկիրը բաժանված է 4 հիմնական լեռնակազմական գոտիների՝
1. հյուսիս-արևելյան եզրային գոտի (լեռնաշղթաները տարածվում են հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք Վիրահայոց լեռներ Լալվար գագաթով՝ 2545 մ, Լեջանի զանգված, Բազումի լեռնաշղթա, Ջավախքի լեռներ, Հալաբի, Իջևանի, Գուգարաց լեռնաշղթաներ, Պապաքարի, Շիրակի լեռներ, Փամբակի, Ծաղկունյաց լեռնաշղթաներ, Արեգունու լեռներ, Սևանի լեռնաշղթա, Արևելյան Սևանի և Միափորի լեռներ),
2. հրաբխային բարձրավանդակների և սարավանդների գոտի (Ջավախքի լեռներ, Եղնախաղի լեռնաշղթա, Արագած լեռ, Արայի լեռ (հրաբխային կոն), Գեղամա, Վարդենիսի լեռներ, Արցախի լեռնաշղթա),
3. հարավային մասի լեռնաշղթաների գոտի (Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու, Վայքի, Երանոսի և Ուրծի լեռներ),
4. Արաքս գետի միջին հոսանքի իջվածք (Արագած զանգվածի, Գեղամա, Զանգեզուրի լեռների, Արարատ լեռան, Հայոց և Ղարադաղի լեռնաշղթաների միջև գտնվում է Միջինարաքսյան միջլեռնային իջվածքը, որի հյուսիս-արևմտյան մասը կոչվում է Արարարատյան դաշտավայր)։

Կլիման Հայաստանում մերձարևադարձային է՝ չորային ու ցամաքային։ Աշխարհագրական տեղադիրքի հետ մեկտեղ կլիմայի ձևավորման մեջ մեծ դեր են խաղում երկրի ռելիեֆը և լեռնաշղթաներով պաշտպանվածությունը։ Էական են Մեծ Կովկասի լեռնահամակարգը, Կասպից և Սև ծովերի մերձավոր տեղադիրքը, նաև Իրանական և Փոքր Ասիական բարձրավանդակների հարևանությունը։

Հայաստանի հարավային լայնությունը հնարավորություն է տալիս ստանալ մեծ քանակի արեգակնային ռադիացիա, իսկ ռելիեֆը նպաստում է ճառագայթող էներգիայի բալանսի տատանմանը։ Դրանով է բացատրվում երկրում մթնոլորտային օդի և հողերի ջերմաստիճանների մեծ տատանումները։
Ջերմաստիճանի և խոնավության ռեժիմների ձևավորման  մեջ կարևոր նշանակություն ունեն Հայկական լեռնաշխարհի  վրա օդային շրջապտույտը։ Այս տարածքում հիմնականում գերակշռում է օդային զանգվածների արևմտյան ուղղությամբ տեղաշարժը, որի հետևանքով  Հայաստանի տարածքում  տեղի է ունենում խոնավության ներհոսք։ Միաժամանակ օդային շրջապտույտի  տատանումները ժամանակի մեջ պատճառ են դառնում ինչպես սեզոնային, այնպես էլ դարավոր տեղումների փոփոխությունների, որի արդյունքում էլ փոփոխվում է  ջրահոսքը։
Օդային զանգվածները շարժվելիս հանդիպելով լենաշղթաներին, հարկադրաբար շրջանցում են կիրճերն ու գետահովիտները։ Այդ պայմաններում առաջանում են ուղղահայաց հոսքեր, որի արդյունքում փոփոխվում է օդերևութաբանական ռեժիմը՝ մասնավորապես օդի ջերմաստիճանը և տեղումնները։
Միջին տարեկան ջերմաստիճանը Հայաստանում տատանվում է 13.8° C (Մեղրի՝ 527 մ), մինչև -2.7° C (Արագած՝ 3229մ): Այսպիսով 2700 մետր բարձրությունների տարբերությամբ ջերմաստիճանի միջին տարեկան տատանման մեծությունը երկրում կազմում է  16.5, իսկ միջին աէրոտերմիկ գրադիենտը կազմում է 0.6 յուրաքանչյուր 100-ական  մետր բարձրության համար։ Երկրում գրանցված ծայրակետային ջերմաստիճաններն են՝ բացարձակ նվազագույն օդի ջերմաստիճանը - 46° C (Պաղակն գյուղ, Շիրակի մարզ),  բացարձակ առավելագույն՝ +42° C (Արենի գյուղ, Վայոց ձորի մարզ):

Հողային և բուսական ծածկույթ

Հայաստանի Հանրապետության բնական պայմանները, ռելիեֆով պայմանավորված, բնութագրվում են վառ արտահայտված ուղղահայաց գոտիականությամբ։ Առանձնացվում են հետևյալ գոտիները

1Անապատային - կիսանապատային գոտի, որը ձևավորված է Արաքս գետի միջին հոսանքի գոգահովիտում՝ մինչև 1300 մ բարձրության վրա։ Արարատյան դաշտավայրում լճա-ալյուվիալ նստվածքներում ձևավորված է աղակալացված հողերի համալիր։ Միևնույն ժամանակ դաշտավայրի զգալի մասում գերակշռում են կիսանապատային գորշահողերը։ Այս գոտում ճիմահողերի ձևավորումը գրեթե բացակայում է, իսկ ոչ փարթամ բուսականությունը չի խոչընդոտում ջրերի հոսքին և, հետևաբար, հողերի էրոզիային։

2 Չորային տափաստանային գոտի ձևավորվում է բաց լանջերում, Զանգեզուրի և հյուսիս-արևելյան շրջանի հովիտներում՝ 900մ բարձրության վրա, իսկ Արաքս գետի միջին հոսքում՝ 1300-1800մ, տեղ-տեղ մինչև 2000մ բարձրությունների վրա։ Այստեղ ձևավորվում են շագանակագույն հողերը՝ 3-4% հումուսի պարունակությամբ։ Տափաստանները ծածկված են տարազգի հացահատիկային  բուսականությամբ։

3 Լեռնատափաստանային գոտի ծածկված է հումուսով հարուստ սևահողով, որն էլ   լավագույնս է կարգավորում հողի ջերմությունն ու խոնավությունը։ Հրաբխային սարահարթային տափաստաններն իրենց բնական առանձնահատկություններով  նման են  Արևելյան Եվրոպայի տափաստաններին։ Այս հողերի համար բնորոշ են փետրախոտային բուսականությունը, իսկ փոքր ինչ բարձր դիրքերին՝ հացահատիկային  տարազգի բույսերը։

4 Անտառային լանդշաֆտների գոտի տարածված է հյուսիսային շրջաններում 600-1800 մ, իսկ հարավային շրջաններում՝ մինչև 2300 մ բարձրության վրա։ Անտառային գոտում հողային ծածկույթը բնորոշ է գորշ-լեռնա-անտառային (շագանակագույն կարբոնատային), մուգ գունավոր  լեռնա-անտառային և բուսահողային կարբոնատային հողերով։ Հանրապետության հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում  տարածված են անտառները, որտեղ գերակշռում են հաճարենին, բոխին և կաղնին։  Ընդհանուր առմամբ անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 12%-ը։

5. Մերձալպյան - ալպյան գոտի  զբաղեցնում է Հայաստանի հյուսիսային հատվածի 1900-2500 մ, իսկ հարավ-արևելյան հատվածում՝ 2000-3500 մ բարձրությունները։ Այս գոտու ստորին հատվածը միանում է լեռնային տափաստաններին և անտառներին, իսկ վերին հատվածը՝ պարզունակ հողերի մերձնիվալ (ձնամերձ) գոտուն։ Այստեղ ձևավորվում են լեռնամարգագետնային մերձալպյան և ճիմամարգագետնային հողերը, նեղ երիզով ձգվում են նոսր անտառները, վերածվելով մերձալպյան բարձր խոտածածկոցի։ Տարածված են ալպիական բուսականությունը՝ գորգերն ու մարգագետինները։

6. Գագաթնային գոտում զարգացած են մերձնիվալ և նիվալ լանդշաֆտները, որոնց բնորոշ է պարզունակ հողերն ու ձյունաջրային լճակները, իսկ Արագածի և Կապուտջուղի գագաթներին՝ խոշորահատիկ ձյան դաշտերն ու սառցադաշտերը։ Այս հատվածում առաջացել են նաև բարձրլեռնային լճեր՝ կազմելով լանդշաֆտների կարևորագույն մասնիկը։ Գագաթնային գոտում  են գտնվում հանրապետության բազմաթիվ գետերի ակունքները։