Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը առաջացել է դեռևս խորհրդային տարիներին, երբ հանրապետությունում զարգանում էին մեքենաշինական, մետաղամշակման, գունավոր մետաղագործության, քիմիական, սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը։ Հանրապետության խոշոր քաղաքներում և համայնքներում հիմնվել և գործում էին տարբեր ձեռնարկություններ։
1988թ երկրաշարժի և Խորհրդային Միության փլուզման հետևանքով երկրում դադարեցին գործել մոտ 200 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ՝ հսկայական վնաս հասցնելով ողջ տնտեսությանը։ Այնուհետև հետխորհրդային տարիներին աստիճանաբար սկսեցին վերականգնվել որոշ ձեռնարկություններ, սակայն ոչ նախկին ծավալներով։
Ներկայումս Հայաստանի Հանրապետության մթնոլորտային օդը հիմնականում աղտոտված է փոշով, որի տարածման հիմնական աղբյուրներն են ինչպես բնակլիմայական պայմանները, այնպես էլ հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, մշակող արդյունաբերությունը և շինարարությունը: Փոշու միջին տարեկան կոնցենտրացիան գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) հիմնականում Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արարատ քաղաքներում: Հրազդան և Արարատ քաղաքներում փոշու բարձր պարունակությունը պայմանավորված է տեղում գործող ցեմենտի արտադրությամբ: Ծծմբի երկօքսիդի բարձր պարունակություններ նախկինում դիտվում էին Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, որտեղ գործում էին հանքարդյունաբերության և քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ: Վերջին տարիներին ծծմբի երկօքսիդի հիմնական արտանետումները առաջանում են մշակող արդյունաբերությունից։ Ազոտի երկօքսիդով աղտոտված է հիմնականում Երևան քաղաքը՝ տրանսպորտի, մշակող արդյունաբերության, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման հետևանքով։
Ինդիկատորի գնահատումն իրականացվել է Վանաձոր քաղաքի համար:

 

Վանաձոր քաղաքի երեք դիտակայաններում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: 2024 թվականին Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում որոշված ցուցանիշների միջին տարեկան կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները։  Տարվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.1-6.4 անգամ (196 օր): Փոշու առավելագույն կոնցենտրացիան (959 մկգ/մ³) դիտվել է մարտի 5-ին՝ Դիմաց թաղամասում։ Նախորդ տարվա համեմատությամբ փոշու կոնցենտրացիան աճել է 3․5%-ով:
2013-2024թթ. Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում նկատվում է ազոտի երկօքսիդի (NO2) կոնցենտրացիայի նվազման միտում: Նշված ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան դիտվել է 2013 թվականին, նվազագույն կոնցենտրացիան՝ 2021 թվականին: 2024 թվականի ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան կազմել է 5 մկգ/մ3։

2013-2024թթ. Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում նկատվում է ծծմբի երկօքսիդի (SO2) միջին տարեկան կոնցենտրացիաների նվազման միտում: Նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան դիտվել է 2013 թվականին, նվազագույն կոնցենտրացիան՝ 2024 թվականին, նվազելով 2013 թվականի համեմատ շուրջ 15.6 անգամ: 

2013-2024թթ. Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում փոշու առավելագույն կոնցենտրացիան ևս դիտվել է 2013 թվականին, իսկ նվազագույն կոնցենտրացիան՝ 2015 թվականին, որից հետո նկատվում է փոշու կոնցենտրացիայի աստիճանական ավելացում մինչև 2018 թվականը, այնուհետև 2021 թվականից նկատվում է աստիճանական նվազման միտում:

 

   Մթնոլորտային օդի աղտոտվածությունը մեծ ազդեցություն է թողնում ինչպես  շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու առողջության վրա։ Աղտոտման աղբյուրները կարող են լինել բնական և մարդածին։ Բնական աղբյուրներից առաջացած աղտոտվածությունը կապված է բնության այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են հրաբխային ժայթքումները, ավազի և փոշու փոթորիկները և այլն։ Մարդածին աղբյուրներից առաջացած աղտոտիչները հիմնականում քիմիական նյութերի օգտագործման, արդյունաբերության, տրանսպորտի, տնային տնտեսության կարիքների համար օգտագործվող վառելիքի այրման և թափոնների կուտակման արդյունք են։
Մարդածին գործունեության հետևանքով մթնոլորտ են արտանետվում այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են ծծմբի երկօքսիդն ու ազոտի օքսիդները: Դրանց բարձր պարունակությունների փոխազդեցությունը ջրի, թթվածնի և այլ քիմիական տարրերի հետ կարող են առաջացնել տեղումներ՝ թթվային անձրևների տեսքով։
Մթնոլորտային օդի աղտոտման հետևանքով քայքայվում է օզոնային շերտը, որը պաշտպանում է Երկիրը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Աղտոտված օդը բացասաբար է անդրադառնում նաև մարդու առողջության վրա։ Մարդու համար առավել վնասակար նյութերից են ազոտի օքսինդերը (NOX), ծծմբի օքսիդները (SOX), գետնամերձ օզոնը (O3) և փոշին (այդ թվում PM2.5 և PM10՝ 2.5 և 10 միկրոմետր տրամագծով մասնիկներ): Առավել վտանգավոր են PM2.5 մասնիկները, որոնք աննկատ են անզեն աչքով և կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ և ազդել շնչառական, սիրտ-անոթային համակարգերի վրա։

 

Համաշխարհային տնտեսական աճի հետևանքով ավելանում է նաև էներգիայի սպառումը։ Էներգիայի արտադրության համար անհրաժեշտ հանածո վառելանյութերի օգտագործումը հանգեցնում է օդի աղտոտվածությանը։ Փոխարինելով էներգիայի չվերականգնվող աղբյուրները (օրինակ՝ վառելանյութը) վերականգնվող աղբյուրներով (օրինակ՝ արևի և քամու էներգիայով) կարելի է նպաստել օդի աղտոտվածության նվազեցմանը։ Ժամանակակից աշխարհում մի շարք զարգացած երկրներ մեծ ներդրում ունեն «մաքուր էներգիայի» արտադրման գործում։ Միևնույն ժամանակ շեշտը դրվում է թափոնների ծավալների կրճատման և դրանց կրկնակի օգտագործման վրա։ Տրանսպորտի արտանետումների նվազեցման նպատակով ընդլայնվում է հետիոտների և հեծանվորդների  քանակը, արգելքներ և սահմանափակումներ են դրվում էկոլոգիապես ոչ մաքուր ավտոմեքենաների շահագործման համար, նախապատվությունը տրվում է էլեկտրամեքենաներին և այլ տեսակի մեքենաներին, որոնք աշխատում են կենսադիզելով և ջրածնային վառելիքով։ Կառուցվում են էներգաարդյունավետ շենքեր, քաղաքներում ավելանում են կանաչ գոտիներ։
Վերջին տարիներին  Հայաստանն ուղղություն է վերցրել դեպի էներգախնայողություն, էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգետիկայի օգտագործում։  Այս ուղղությամբ իրականացնում են մի շարք բարեփոխումներ, որոնցից են արևային մարտկոցների արտադրությունը, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ներկրումն ու շահագործումը (էլեկտրամոբիլներ, էլեկտրական սկուտերներ), ինչպես նաև հեռանկարում հողմային էներգիայի օգտագործման նախագծերի մշակում։ Դրա հետ մեկտեղ  2015թ. Հայաստանում մեկնարկվել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը, որի արդյունքում  կապահովվի բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործումը՝ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը և կնվազեցվի ջերմոցային գազերի արտանետումները:

Ցուցանիշի սահմանում

  • Ցուցանիշը նկարագրում է տարվա օրերի քանակը կամ տարվա օրերի ընդհանուր քանակի տոկոսային մասը, երբ օդի աղտոտվածության մակարդակները (առնվազն օդի այնպիսի վնասկար նյութերի համար, ինչպիսիք են փոշին, ծծմբի երկօքսիդը (SO2), ազոտի երկօքսիդը (NO2)) գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) արժեքները:
  • Մթնոլորտային օդում աղտոտիչ նյութերի արտանետումների տարեկան միջին արժեքները։

Չափման միավոր

Վնասկար նյութերի ՍԹԿ-ների գերազանցումները չափվում են տարվա օրերի քանակով կամ տարվա ընդհանուր օրերի քանակի տոկոսային մասով։
Վնասկար նյութերի կոնցենտրացիաները չափվում են մկգ-ով 1մ3 օդում։

Հիմնավորում

Ցուցանիշի ընտրության հիմնավորում

Ցուցանիշը բնութագրում է շրջակա միջավայրի վիճակը մթնոլորտային օդի որակի տեսակետից և աղտոտիչ նյութերի կոնցենտրացիաների բացասական ազդեցությունը  բնակչության, շրջակա միջավայրի, բուսականության և ընդհանուր էկոհամակարգի վրա։ 

Հղումներ 

 

Համատեքստի նկարագրություն

Ազգային քաղաքականության համատեքստ

Հայաստանի Հանրապետության  2006 թվականի փետրվարի 2-ի ՝ «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N160-Ն ՀՀ կառավարության որոշման (ընդունվել է 2006 թվականի փետրվարի 2-ին) համաձայն սահմանվել են ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի,  փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

Միջազգային քաղաքականության համատեքստ

Օդի որակի վերաբերյալ Համաշխարհային առողջապահության կազմակերպության (WHO) ուղեցույցերը ներառում են 32 նյութ, որոնք աղտոտում են մթնոլորտային օդը։ Մոնիթորինգի իրականացման նպատակով կարող է օգտագործվել ISO 13040 ստանդարտը «Օդի որակ» կամ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի 2012թ ազգային ռազմավարության մշակումների ուղեցույցերը օդի և ջրի որակի մոնիթորինգի օգտագործումը որպես բնապահպանական քաղաքականության միջոցներ։

Թիրախներ

Ազգային թիրախներ

 

Ազգային թիրախներ դեռևս սահմանված չեն: Դրանք նախատեսված է սահմանել  ԵՄ օդի դիրեկտիվի մոտարկման միջոցառումների շրջանակում։

Միջազգային թիրախներ

ԵՄ օդի դիրեկտիվի համաձայն պահանջվում է ագլոմերացիաների տարանջատում, դրանցում աղտոտիչների կոնցենտրացիայի գնահատում, օդի որակի բարելավման պլանների կազմում և իրականացում։
Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ (SDG 11.6) մինչև 2030թ. պահանջվում է կրճատել քաղաքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեկ շնչի հաշվով, այդ թվում՝ հատուկ ուշադրություն դարձնելով օդի որակին և կենցաղային ու այլ թափոնների կառավարմանը:

Անորոշություններ

Մեթոդաբանական անորոշություններ

Մեթոդաբանական անորոշությունը կարող է պայմանավորված լինել տվյալների բացերի հետ:

Տվյալների անորոշություններ

Տվյալների անորոշություններ չի հայտնաբերվել։

Անորոշությունների պարզաբանում

Տվյալների բացերի հետ կապված անորոշությունները կարող են կապված լինել սարքավորումների անսարքությունց:

Տվյալների աղբյուրներ

Թեմա՝ Մթնոլորտային օդ

Ցուցանիշի ծածկագիրը՝ A2

Թեգեր՝  Փոշի, ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ, Հայաստան

Ժամանակահատված՝  2013-2024թթ.

DPSIR՝  Ճնշում

Տեսակը՝  Նկարագրող ցուցանիշ (դաս A – ինչ է տեղի ունենում շրջակա միջավայրի և մարդկանց հետ):

Ժամկետներ՝

Հրապարակման ամսաթիվ / վերջին փոփոխություն՝ 13/01/2026

Թարմացման հաճախականությունը՝ Յուրաքանչյուր տարի

 

Կոնտակտային անձինք՝  Նաիրա Մանդալյան, Գոհար Հարությունյան, Ռուզաննա Սաֆարյան

Պատասխանատու՝  ՀՀ ՇՄՆ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հավելյալ տեղեկատվություն`