Հիմնական հաղորդագրություններ

Թթվածնի կենսաքիմիական պահանջը (ԹԿՊ5) և ամոնիումի կոնցենտրացիան 2010-2024թթ. ընթացքում Հայաստանի գետերի բնակավայրերից ներքև գտնվող հատվածներում բարձրացել են: ԹԿՊ5-ով և ամոնիումով աղտոտվածության հիմնական աղբյուրները չմաքրված կամ ոչ բավարար մաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերն են, որոնք, գյուղատնտեսական արտահոսքերի հետ՝ մաքրման կայանների բացակայության պատճառով, լցվում են անմիջապես գետերը:
ԹԿՊ5-ի միջին կոնցենտրացիան բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում 2010-2024թթ․ աճել է 43%-ով (2.77-ից մինչև 3.95 մգ O2/լ):
Ամոնիումի միջին կոնցենտրացիան բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում 2010-2024թթ․ աճել է 105%-ով (1.36-ից մինչև 2.8 մգN/լ): 

2024 թվականին դիտակետերի առավելագույն թիվը, որտեղ դիտվել են ԹԿՊ5-ի և ամոնիումի բարձր կոնցենտրացիաները, բաժին են ընկնում Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներին (ՋԿՏ):

Արդյո՞ք օրգանական նյութերով և ամոնիումով աղտոտվածությունը նվազում է Հայաստանի Հանրապետության գետերում

 

Նկար 1 - ԹԿՊ5 (2010-2024)

Գետեր - ԹԿՊ5
Գետեր - ԹԿՊ5 (առանց 55)

Նկար 2 - Ամոնիում (2010-2024)

Գետեր - Ամոնիում
Գետեր - Ամոնիում (առանց 55)

Ծանոթագրություն՝ Գետերի դիտակետերի քանակը 45 է (21 դիտակետ գտնվում է բնակավայրերից վերև և 24 դիտակետ՝ բնակավայրերից ներքև), որոնք ներկայացնում են 22 գետ. գրաֆիկական պատկերը ցույց է տալիս միջինացված ժամանակային շարքերը՝ բոլոր դիտակետերը ներառած և առանց 55-րդ դիտակետի։

Նկար 3 -  Գետերի ջրի որակը ըստ ՋԿՏ-ների՝ պայմանավորված ԹԿՊ5-ով և ամոնիումիով (2024)
Գետեր - ԹԿՊ5 2024
Գետեր - Ամոնիում 2024

Ծանոթագրություն՝ ԹԿՊ5-ով և ամոնիումով պայմանավորված ջրի որակի դասերը՝ ըստ դիտակետերի 2024 թվականի միջին տարեկան կոնցենտրացիաների. փակագծերում բերված են մոնիթորինգի դիտակետերի քանակը համապատասխան ՋԿՏ-ում:
Կիրառվել է ազգային գնահատման համակարգը:
Համապատասխան ազգային նորմերի մասին տեղեկություն ստանալու համար նայել «Ազգային թիրախ» բաժնում ցուցանիշի բնութագիրը:

ԹԿՊ5-ն և ամոնիումը ջրի օրգանական աղտոտվածության բնութագրման հիմնական ցուցանիշներն են:  ԹԿՊ5-ն ցույց է տալիս, թե որքան լուծված թթվածին է սպառվում ջրում առկա օրգանական նյութերի տարրալուծման համար: Այս ցուցանիշների բարձր կոնցենտրացիաները հաճախ մատնանշում են օրգանական աղտոտումը և կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ ջրի դեօքսիդացման, ամոնիումի կոնցենտրացիայի բարձրացման, ձկների և անողնաշարավորների անհետացման վրա:

Հայաստանում օրգանական նյութերի հիմնական աղբյուրը կենցաղային, արդունաբերական կեղտաջրերն են (չմաքրված կամ ոչ բավարար մաքրված), որոնք մաքրման կայանների բացակայության պատճառով թափվում են անմիջապես գետեր։ Աղտոտման աղբյուր են նաև գյուղատնտեսական տարածքներից առաջացող արտահոսքերը։

2010-2024թթ. ԹԿՊ5-ի և ամոնիումի միջին կոնցենտրացիաները դիտակետերում աճել է համապատասխանաբար 35% և 52%-ով։

Հրազդան գետը Հայաստանի ամենաերկար և ամենաաղտոտված գետերից մեկն է: Կեղտաջրերի մաքրման կայանի բացակայության ազդեցությունը հատկապես նկատվում է 55-րդ դիտակետում, որը Երևան քաղաքից հետո առաջին դիտակետն է (Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք, 1106300 բնակչություն) և բնութագրում է քաղաքի կոմունալ-կենցաղային ազդեցությունը գետի վրա: Այս հանգամանքն ունի մեծ ազդեցություն միջինացված ժամանակային շարքերի վրա, հատկապես ամոնիումի համար: 2010-2024թթ․ ընթացքում բնակավայրերից ներքև գտնվող դիտակետերում 55-րդ դիտակետը ներառած ամոնիումի միջին կոնցենտրացիան 1․4-2.0 անգամ ավելի բարձր է, քան նույն ժամանակահատվածում առանց 55-րդ դիտակետի։ 

2024 թվականի տարեկան միջին կոնցենտրացիաների դասերն ըստ ՀՀ ՋԿՏ-ների
ԹԿՊ5
Ամոնիում

 

Ծանոթագրություն՝ ԹԿՊ5-ով (ձախ) և ամոնիումով (աջ) պայմանավորված ջրի որակի դասերը՝ ըստ գետային դիտակետերի 2024 թվականի միջին տարեկան կոնցենտրացիաների: Քարտեզները տրամադրվել են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կիրառվել է ազգային գնահատման համակարգը: Համապատասխան ազգային նորմերի մասին տեղեկություն ստանալու համար նայել «Ազգային թիրախ» բաժնում ցուցանիշի բնութագիրը: Գնահատման համակարգը նույնն է, ինչը օգտագործվում է EEA ցուցանիշ WAT 002-Թթվածին սպառող նյութերը Եվրոպական գետերում:

2024 թվականին դիտակետերի ջրի որակի դասերի համամասնությունը՝ ԹԿՊ5-ով պայմանավորված հետևյալն է․

  • Հյուսիսային ՋԿՏ․ 100% «լավ»,
  • Ախուրյանի ՋԿՏ․ 20%՝ «գերազանց», 60%՝ «լավ», 20%՝ «միջակ»,
  • Հրազդանի ՋԿՏ․ 38%՝ «գերազանց», 50%՝ «լավ», 12%՝ «անբավարար», 
  • Սևանի ՋԿՏ․ 50%՝ «գերազանց», 50%՝ «լավ»,
  • Արարատյան ՋԿՏ․ 50%՝ «գերազանց», 50%՝ «լավ»,
  • Հարավային ՋԿՏ․ 67%՝ «գերազանց», 33%՝ «լավ»։

2024 թվականին դիտակետերի ջրի որակի դասերի համամասնությունը՝ ամոնիումով պայմանավորված հետևյալն է․

  • Հյուսիսային ՋԿՏ․ 33%՝ «լավ», 50%՝ «միջակ», 17%՝ «վատ»,
  • Ախուրյանի ՋԿՏ․ 20%՝ «միջակ», 20%՝ «անբավարար», 60%՝ «վատ»,
  • Հրազդանի ՋԿՏ․ 50%՝ «գերազանց», 25%՝ «լավ», 25%՝ «վատ», 
  • Սևանի ՋԿՏ․ 67%՝ «գերազանց», 8%՝ «լավ», 17%՝ «միջակ», 8%՝ «վատ»,
  • Արարատյան ՋԿՏ․ 50%՝ «գերազանց», 50%՝ «լավ»,
  • Հարավային ՋԿՏ․ 33%՝ «գերազանց», 50%՝ «միջակ», 17%՝ «վատ»։

Ցուցանիշի  սահմանում
C-10 ցուցանիշ - Գետերի ջրում թթվածնի պարունակությունը, որի ցուցանիշն են ԹԿՊ-ն (լուծված թթվածնի այն քանակը, որն անհրաժեշտ է ջրում օրգանական նյութերի աէրոբ քայքայման համար) և ամոնիումային ազոտը։

Միավորներ
ԹԿՊ5՝ մգO2/լ,
Ամոնիում՝ մգN/լ։

Ցուցանիշի ընտրության հիմնավորում
Օրգանական նյութերի մեծ քանակությունը (մանրէներ և քայքայվող օրգանական թափոններ) կարող է հանգեցնել գետի ջրի աղտոտվածության աճի, ջրային էկոհամակարգերի հավասարակշռության խախտման և կենսաբազմազանության նվազման, ինչը բացասաբար է ազդում ջրի որակի վրա:

Հղումներ

  • Council Directive 91/271/EEC of 21 May 1991 concerning urban wastewater treatment
  • Directive 2000/60/EC of the European Parliament and the Council of 23 October 2000 establishing a framework for Community action in the field of water policy
  • Water Framework Directive
  • UNECE, 2018.  Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C10. Biochemical oxygen  (BOD) and concentration of ammonium in rivers.
  • UNECE, 2018.  Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C10. Biochemical oxygen demand (BOD) and concentration of ammonium in rivers.

Համատեքստի նկարագրություն

Ազգային քաղաքականության համատեքստ

  • ՀՀ ջրային օրենսգիրք (ընդունված` 04.06.2002թ.)
    Սույն օրենսգիրքը կարգավորում է ջրային հարաբերությունները ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանության և զարգացման բնագավառում՝ բնակչության համար երաշխավորված, համարժեք և անվտանգ ջրամատակարարման, շրջակա միջավայրի պահպանության և երկրի ջրային ֆոնդի ռացիոնալ զարգացման համար:
  • N75-Ն ՀՀ կառավարության որոշում (ընդունված` 27.01.2011թ.)
    «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին»։ Սահմանում է յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի նորմերը՝ կախված տեղանքի առանձնահատկություններից։

Միջազգային քաղաքականության համատեքստ
UNECE-WHO/ Ջրի և առողջության մասին Եվրոպական արձանագրության նպատակն է պաշտպանել մարդու առողջությունը ջրի ավելի արդյունավետ կառավարման և ջրի հետ կապված հիվանդությունների նվազեցման միջոցներով։ Արձանագրությունն հիմք է տալիս գործնականում կիրառել մարդու իրավունքները ջրամատակարարման և ջրահեռացման և ԿԶՆ 6-ի իրականացման համար։ Արձանագրությունը ստորագրվել է 1999 թվականին, սակայն վավերացումը ընթացքի մեջ է և դեռ վերջնական տեսքի չի բերվել:


Թիրախներ

Ազգային թիրախներ

Նորմեր՝ համաձայն ՀՀ Կառավարության 75-Ն որոշման։

Ցուցանիշ Որակի դասեր

I

(գերազանց)

II

(լավ)

III

(միջակ)

IV

(անբավարար)

V

(վատ)

Ամոնիում իոն, մգ N/լ    <0.2 0.2-0.4 0.4-1.2 1.2-2.4 >2.4
ԹԿՊ5, մգ O2 <3.0 3.0-5.0 5.0-9.0 9.0-18 >18


Միջազգային թիրախներ
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակ 6 թիրախ 6.3 նպատակ ունի մինչև 2030 թվականը հասնել ջրի որակի բարելավմանը` նվազեցնելով աղտոտվածությունը, վերացնելով թափոնները և նվազագույնի հասցնելով վտանգավոր քիմիական նյութերը և նյութերի արտանետումները, կիսով չափ կրճատելով չմշակված կեղտաջրերի մասնաբաժինը և զգալիորեն ավելացնելով վերամշակումը և անվտանգ վերօգտագործումը ողջ աշխարհում:

Ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանություն
Մոնիթորինգի ծրագիրը կազմված է այնպես, որ հաշվի առնվի ցուցանիշների տարածական և սեզոնային դինամիկան: Մոնիթորինգի վայրերը տեղակայված են ինչպես բնակավայրերից վերև, այնպես էլ նրանցից ներքև, ինչը տեղեկատվություն է տալիս ինչպես ֆոնային կոնցենտրացիաների, այնպես էլ բնակավայրերի ազդեցության մասին: Գետերի դիտակետերի թիվը 45 է (21-ը բնակավայրերից վերև և 24-ը բնակավայրերից ներքև), որոնք ներկայացնում են 22 գետ: Տվյալները տրամադրվում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Յուրաքանչյուր դիտակետի համար ԹԿՊ5-ի և ամոնիումի տարեկան միջին կոնցենտրացիաները հաշվարկվում են տարվա ընթացքում ստացված մոնիթորինգի տվյալների թվաբանական միջինի հիման վրա։ Գետերի համար առանձին միջինացումը կատարվում է բնակավայրերից վերև և ներքև գտնվող գետերի դիտակետերի համար:

Բացը լրացնելու մեթոդաբանություն
Ժամանակային շարքերի և նրանց միտումների վերլուծության համար օգտագործվում են միայն ամբողջական շարքերը (այսինքն՝ կայքի տվյալների շարքում բացակայող արժեքներ չկան):  Դա երաշխավորում է միջինացված տվյալների շարքերի համապատասխանությունը: Այսպիսով, բացը լրացնելու մեթոդաբանության կիրառման կարիք չի եղել։

Մեթոդաբանության հղումներ

  • EEA, 2005. EEA core set of indicators guide. EEA Technical report No 1/2005, ISBN 92-9167-757-4, Luxembourg.
  • ISO 7150-1:1984 Water quality — Determination of ammonium — Part 1: Manual spectrometric method. The procedure is applicable to the analysis of potable water, and most raw and waste waters. Application to excessively coloured or saline waters shall be preceded by distillation.
  • ISO 5815-2: 2003 Environmental protection and environmental management. Analytical control and monitoring. Water quality. Determination of biochemical oxygen consumption after n days (BODn). Part 2. Method without diluting samples.
  • UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Description of C10. Biochemical oxygen demand (BOD) and concentration of ammonium in rivers.
  • UNECE, 2018. Guidelines for the Application of Environmental Indicators, Glossary of terms – C10. Biochemical oxygen demand (BOD) and concentration of ammonium in rivers.
  • UNSD and UNEP, 2013. Questionnaire 2013 on Environment Statistics. United Nations Statistics Division and United Nations Environment Programme, Questionnaire 2013 on Environment Statistics, Section Water.

Մեթոդաբանության անորոշություն
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել։

Հավաքական տվյալների անորոշություն
Անորոշություն չի հայտնաբերվել։

Ռացիոնալ անորոշություններ
Թթվածնի կենսաքիմիական պահանջը և ամոնիումը այն ցուցանիշներն են, որոնք բնութագրում են ջրի աղտոտվածությունը թթվածնի սպառման հետևանքով։ Սակայն այս ցուցանիշների տարեկան միջին արժեքները միշտ չէ, որ լիարժեք ներկայացնում են իրական վիճակը, քանի որ դրանք չեն արտացոլում սեզոնային փոփոխությունները։

  • ArmStatBank  
    Գետերի ջրի որակի ցուցանիշներ, ըստ դիտակետերի և տարիների։
    Մակերևութային ջրերում ԹԿՊ5-ի և ամոնիումի կոնցենտրացիաների վերաբերյալ տվյալները հասանելի են և պահվում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ազգային տվյալների բազայում։
  • Շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկագիր
    Ջրի որակի գնահատականները (ըստ ջրի որակի ազգային նորմերի) հրապարակվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:


Ցուցանիշների ցանկ
UNECE տարածաշրջանային բնապահպանական ցուցանիշներ
և Շրջակա Միջավայրի Եվրոպական գործակալության հիմնական հավաքածու
Ցուցանիշներ – CSI 019

Ամսաթիվ ՝ 21.11.2025
Հեղինակներ՝
Շահնազարյան Գայանե
Զատիկյան Աննա Սաֆարյան Ռուզաննա


Ցուցանիշի անվանումը
C10- Ջրի որակ․ թթվածնի կենսաբանական պահանջը (ԹԿՊ) և ամոնիումի կոնցենտրացիան գետերում