C2 – Քաղցրահամ ջրերի ջրառը Հայաստանի Հանրապետությունում
Հիմնական հաղորդագրություն
2000-2024թթ․ ժամանակահատվածում Հայաստանում քաղցրահամ ջրերի ջրառի նվազագույն արժեքը դիտվել է 2001թ․ կազմելով 1725․7 մլն մ3, առավելագույնը՝ 2024թ․՝ 3314․0 մլն մ3։ Թեև 2001թ. համեմատ 2024թ․ երկրի ընդհանուր բնակչությունը որոշակիորեն նվազել է, սակայն քաղցրահամ ջրերի ջրառն ավելացել է 1․9 անգամ՝ պայմանավորված տնտեսության զարգացմամբ:
Նկար 1 – Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերևութային և ստորերկրյա) ըստ ցուցանիշների և տարիների (2000-2024թթ.)
Տվյալների աղբյուրներ՝
(C2) Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերևութային և ստորերկրյա) ըստ ցուցանիշների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
2024թ․ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառը 2000թ․ համեմատ աճել է 2.3 անգամ, մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառը՝ 1․6 անգամ։ Ստորերկրյա ջրային ռեսուրսները ռազմավարական նշանակության բնական պաշարներ են, և դրանց հետագա գերշահագործումը կարող է առաջացնել անդառնալի հետևանքներ։
2000-2024թթ․ միջինացված տվյալներով ջրի ընդհանուր պահանջարկի շուրջ 61%-ը բավարարվում է մակերևութային ջրային ռեսուրսների, 39%-ը՝ ստորերկրյա ջրային ռեսուրսների հաշվին: Սևանա լիճը կարևոր դեր ունի երկրի ջրային պահանջարկի ապահովման գործում, մասնավորապես՝ Արարատյան դաշտի ոռոգման ջրի մատակարարման հարցում։ Սակայն լճից ջրի լրացուցիչ բացթողումները կարող են բացասաբար անդրադառնալ դրա հիդրոլոգիական ռեժիմի և էկոլոգիական վիճակի վրա։
Նկար 2 - Հայաստանում վերականգնվող ջրային ռեսուրսները, ջրառը և ՋՇԻ-ն ըստ տարիների
Տվյալների աղբյուրներ՝
(C1) Քաղցրահամ ջրային վերականգնվող ռեսուրսներն ըստ ինդիկատորների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
(C2) Քաղցրահամ ջրերի ջրառը (մակերևութային և ստորերկրյա) ըստ ինդիկատորների և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
Ըստ գնահատված ՋՇԻ-ի՝ 2024թ․ ջրառը կազմել է վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների 38%-ը, ինչը վկայում է ջրային ռեսուրսների վրա միջին մակարդակի ծանրաբեռնվածության մասին։ Միաժամանակ, 2000, 2008, 2017, 2019, 2021 և 2022 թվականներին ՋՇԻ-ն կազմել է 67–77%, ինչը ցույց է տալիս, որ այդ տարիներին երկրում արձանագրվել է ջրի բարձր սթրես կամ ջրային ռեսուրսների գերսպառում։

Նկար 3 – Ջրառն ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետությունում (2011-2024թթ.)
Տվյալների աղբյուրներ՝
Քաղցրահամ ջրերի ջրառն ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների (ՏԳՏԴ) և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
2011-2024թթ․ ժամանակահատվածում քաղցրահամ ջրերի ընդհանուր ջրառի ամենամեծ մասը բաժին է ընկել գյուղատնտեսության, անտառային տնտեսության (ներառյալ՝ ոռոգումը և ձկնաբուծությունը) ոլորտին։ 2024 թվականին, 2011 թվականի համեմատ, այս ոլորտում քաղցրահամ ջրերի ջրառի ծավալն աճել է 1.5 անգամ, ինչը կարող է պայմանավորված լինել ձկնաբուծության ոլորտի զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության ծավալների փոփոխությամբ և ոռոգման ջրի պահանջարկի աճով։
Ջրառի ծավալի մեծությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է կենտրոնացված ջրամատակարարման ոլորտը։ 2011 թվականի համեմատ 2024 թվականին կենտրոնացված ջրամատակարարման ոլորտի մասնաբաժինը քաղցրահամ ջրերի ընդհանուր ջրառում աճել է, ինչը վկայում է բնակչության և տնտեսության ջրամատակարարման պահանջարկի մեծացման մասին։

Նկար 4 - Ջրառն ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետությունում (2024թ.)
Տվյալների աղբյուրներ՝
(C2) Քաղցրահամ ջրերի ջրառն ըստ ՏԳՏԴ-ի և տարիների, ՀՀ վիճակագրական կոմիտե, ArmStatBank
2024թ․ ջրի մեծ պահանջարկ է առաջանում տնտեսական գործունեության երկու հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, որտեղ չափաբաժինը կազմում է ընդհանուր քաղցրահամ ջրերի ջրառի 76․7%-ը և կենտրոնացված ջրամատակարարում, որտեղ չափաբաժինը կազմում է ընդհանուր քաղցրահամ ջրերի ջրառի 20․6%-ը։ Ընդհանուր քաղցրահամ ջրերի ջրառի 2․2%-ը բաժին է ընկնում հանքագործական արդյունաբերությանը և 0.5%՝ մշակող արդյունաբերությանը: Միջին հաշվով, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն ոլորտում քաղցրահամ ջրերի ջրառի 30%-ը բաժին է ընկնում ձկնաբուծարաններին, 70%-ը՝ ոռոգմանը: Այս ոլորտի ջրապահանջարկի ապահովման գործում կարևոր դեր ունի Սևանա լիճը, որից իրականացվում է ջրառ ոչ միայն Սևանի ջրհավաք ավազանի, այլև հանրապետության այլ տարածքների, մասնավորապես՝ Արարատյան դաշտավայրի կարիքները բավարարելու նպատակով։
Ցուցանիշի սահմանումը
Քաղցրահամ ջրերի (մակերևութային և ստորերկրյա) ընդհանուր ջրառի ծավալը, ներառյալ տնտեսական գործունեության տեսակների կտրվածքով ջրառի ծավալները, ինչպես նաև այդ ծավալի տոկոսային հարաբերակցությունը վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների ընդհանուր ծավալին, այսինքն՝ ջրային ռեսուրսների շահագործման ինդեքսը (ՋՇԻ)։
Չափման միավոր
Ջրառ-մլն մ3 տարի
ՋՇԻ-%
Հիմնավորում
Ցուցանիշի ընտրության հիմնավորումը
Ինդիկատորը հնարավորություն է տալիս գնահատել բնական աղբյուրներից կատարվող ջրառը, ինչպես նաև դրա հետևանքով շրջակա միջավայրի վրա գործադրված ճնշումը։
Այդ պատճառով համարվում է արդյունավետ գործիք՝ ջրային ռեսուրսների կայուն կառավարման և պլանավորման համար։
Հղումներ
Համատեքստի նկարագրություն
Ազգային քաղաքականության համատեքստ
Սույն օրենսգիրքը կարգավորում է ջրային հարաբերությունները ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանության և զարգացման բնագավառում՝ բնակչության համար երաշխավորված, համարժեք և անվտանգ ջրամատակարարման, շրջակա միջավայրի պահպանության և երկրի ջրային ֆոնդի ռացիոնալ զարգացման համար:
Սահմանում է ջրավազանային կառավարման պլանների կազմման ընդհանուր բովանդակային պահանջները, նկարագրում է, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է լինի ջրավազանային կառավարման պլանը, որպեսզի այն ծառայի որպես արդյունավետ կառավարման գործիք ջրային ռեսուրսների ոլորտում։
Սահմանում է Սևանա լճի պահպանության և վերականգնման պետական միջոցառումների տարեկան և երկարաժամկետ ծրագրերը։ Օրենքը նախատեսում է լճի ջրային ռեսուրսների կայուն կառավարում, ջրի մակարդակի և էկոլոգիական վիճակի պահպանություն, ինչպես նաև Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն ծավալի սահմանում։
Միջազգային թիրախներ
Ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն
Չափման միավորներ և հավասարումներ
| ID | Բաղադրիչ | Չափման միավոր | Հավասարում |
| C2.1 | Քաղցրահամ մակերևութային ջրերի ջրառ | մլն մ3 | |
| C2.2 | Քաղցրահամ ստորերկրյա ջրերի ջրառ | մլն մ3 | |
| C2.3 | Քաղցրահամ ջրերի ջրառ | մլն մ3 | = C 2.1 + C 2.2; = C 2.4 + C 2.5 + C 2.6 + C 2.7 + C 2.8 + C 2.9 |
| C2.4 | Ջրամատակարարում (ISIC 36) | մլն մ3 | |
| C2.5 | Տնային տնտեսություններ | մլն մ3 | |
| C2.6 | Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն (ISIC 01-03) | մլն մ3 | |
| C2.7 | Մշակող արդյունաբերություն (ISIC 10-33) | մլն մ3 | |
| C2.8 | Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (ISIC 35) | մլն մ3 | |
| C2.9 | Այլ տնտեսական գործունեության տեսակներ | մլն մ3 | |
| C2.10 | Վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսներ (մակերևութային) | մլն մ3 | |
| C2.11 | Մակերևութային ջրերի ՋՇԻ | % | = C 2.1/C 2.10*100 |
Բացերի լրացման մեթոդաբանություն
Ըստ ոլորտների ջրառի տեսական գնահատման համար կիրառվել է ինտերպոլյացիայի մեթոդը:
Մեթադաբանության հղումներ
Մեթոդաբանական անորոշություններ
Մեթոդաբանական անորոշություն չի հայտնաբերվել:
Տվյալների անորոշություններ
Ստորերկրյա ջրերի ջրառը չի չափվում չափիչ սարքերով: Այն գնահատվում է ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխությամբ:
Փաստացի գոլորշացումը հիմնված է գնահատման վրա: Հարևան երկրներից ստորերկրյա ջրերի ներհոսքի և հարևան երկրներ ստորերկրյա ջրերի արտահոսքի համար բավարար տվյալներ չկան:
1990թ․ մինչև 2011թ. ինդիկատորների հաշվարկման համար կիրառվել է ՄԱԿ-ի վիճակագրության բաժնի (UNSD) բնապահպանական վիճակագրության վերաբերյալ հարցաթերթի մեթոդաբանությունը, իսկ 2011թ-ից սկսած՝ ՄԱԿ-ի ԵՏՀ (UNECE) բնապահպանական ինդիկատորների հաշվարկման մեթոդաբանությունը: Սա մեծ խզում է առաջացնում ժամանակային շարքում, մասնավորապես ջրամատակարարման ծառայության և գյուղատնտեսության ոլորտներում: