Հիմնական հաղորդագրություններ

Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքները բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող էկոհամակարգեր, բնության համալիրներ են ու առանձին օբյեկտներ։ 
2024 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 383.1 հազ․ հա, ինչը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 12.9%-ը։

Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարության, պահպանության և օգտագործման հարցում:
2024 թվականին  2008 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը ավելացել է մոտ 92.1 հազ․  հա-ով։

 

Գծապատկեր 1․ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները ըստ տարիների 

Տվյալների աղբյուրներ

Տվյալները տրամադրվել են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից` armstat.am (D1) Հատուկ պահպանվող տարածքների հիմնական ցուցանիշներն ըստ կատեգորիաների և տարիների

 

Գծապատկեր 2․ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասնաբաժինը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ 2024 թ. դրությամբ

Տվյալների աղբյուրներ
Տվյալները տրամադրվել են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից` armstat.am (D1) Հատուկ պահպանվող տարածքների հիմնական ցուցանիշներն ըստ կատեգորիաների և տարիների

Բնության պահպանության և վերականգնման գործում ԲՀՊՏ-ներն առանցքային դերակատարում ունեն, քանի որ նպաստում են շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության նվազեցմանը, էկոլոգիական հավասարակշռության ապահովմանը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանմանը: Կենսաբազմազանության պահպանման գործում ԲՀՊՏ-ների կարևորությունն ու անհրաժեշտությունն ամրագրված է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածով, համաձայն որի յուրաքանչյուր երկիր պարտավոր է ստեղծել ԲՀՊՏ-ների համակարգ և ապահովել դրա կանոնավոր գործունեությունը:
ԲՀՊՏ-ներում առավել կարևորվում է կենսաբազմազանության ներկայացվածությունը, քանի որ բուսական կամ կենդանական աշխարհի ամեն մի տեսակի կորուստը կարող է էական նշանակություն ունենալ էկոհամակարգերի հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության և կայուն զարգացման համար: Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում իր հարստությամբ և բազմազանությամբ: Հայաստանի աշխարհագրական դիրքը, միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկում գտնվելը, լանդշաֆտային ու բարձունքային գոտիների բազմազանությունը և տեսակառաջացման ակտիվ գործընթացները ստեղծել են նպաստավոր պայմաններ` հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանության ձևավորման համար: Հանրապետության տարածքում գրանցված են ավելի քան 4 500 տեսակի սնկեր, մոտ 9 000 տեսակի ստորակարգ և բարձրակարգ բույսեր, որոնց խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը՝ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին բաժին է ընկնում մոտ 107 տեսակ: Հարուստ է նաև կենդանական աշխարհը` շուրջ 17 500 տեսակի անողնաշար և ողնաշարավոր կենդանիներ: Գենոֆոնդում առկա են ոչ միայն բազմաթիվ էնդեմիկ տեսակներ, մշակովի և ընտելացված տեսակների վայրի ցեղակիցներ, այլև արժեքավոր, օգտակար տեսակներ, որոնց մի մասը գտնվում է կրիտիկական վիճակում, իսկ զգալի մասը` վտանգված կամ խոցելի է: Կենսաբազմազանությունը Հայաստանում ունի բնապահպանական և սոցիալտնտեսական կարևոր նշանակություն, որի բաղադրիչները դարերով օգտագործվել և ներկայումս էլ ակտիվ օգտագործվում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` գյուղատնտեսությունում, սննդարդյունաբերությունում, շինարարությունում, դեղագործությունում և այլն։
Հայաստանը լեռնային երկիր է, որի լանդշաֆտները կազմում են բարդ, բազմաֆունկցիոնալ համակարգ: Տարածքի երկրաբանական զարգացման և կլիմայի առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանում ձևավորվել են կիսաանապատային, տափաստանային, անտառային, լեռնամարգագետնային և ջրային լանդշաֆտները, որոնց բնորոշ պայմաններն առաջացրել են բուսական ու կենդանական տեսակների բնակության միջավայրերի մեծ բազմազանություն, ինքնատիպ համակեցություններ, էնդեմիզմի բարձր մակարդակ, ինչպես նաև հարուստ ագրոկենսաբազմազանություն: Հետևաբար` ԲՀՊՏ-ներում լանդշաֆտային բազմազանության ընդգրկուն ներկայացվածությունը ռազմավարական նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանության համար:

 

Գծապատկեր 3. Բնության հատուկ պահպանվող տարածքները ըստ տեսակի և տարիների Հայաստանի տարածքի համեմատ (%-ով)

Տվյալների աղբյուրներ

Տվյալները տրամադրվել են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից` armstat.am (D1) Հատուկ պահպանվող տարածքների հիմնական ցուցանիշներն ըստ կատեգորիաների և տարիների

Չնայած պահպանվող տարածքներն ընդլայնվել են, ներկայիս ծածկույթը (13%) զգալիորեն ցածր է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայով սահմանված համաշխարհային 30% նպատակային ցուցանիշից, ինչը վկայում է հետագա ջանքերի անհրաժեշտության մասին։

Ցուցանիշի սահմանում

D-1. Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)
Այս ցուցանիշը բնութագրում է հողային, ջրային ու դրանց վերևում գտնվող օդային տարածքները, որոնք  պաշտպանված են համապատասխան ազգային օրենսդրությամբ։
Այն ներառում է հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մակերեսը և նրանց մասնաբաժինը երկրի ընդհանուր տարածքի նկատմամբ։ Բացի այդ, ցուցանիշը կարելի է բաժանել ըստ Միջազգային միության բնության պահպանություն (IUCN) հատուկ կարգավիճակ ունեցող բնական տարածքների տեսակների կամ ազգային մակարդակով ընդունված տեսակների ըստ պաշտպանության ռեժիմի՝ յուրաքանչյուրի տարածքը և տոկոսը որոշելու նպատակով։

Չափման միավոր

Ընդհանուր մակերեսը կմ2-ով կամ հեկտարներով և երկրի ընդհանուր տարածքի տոկոսը ազգային մակարդակով ընդունված բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կատեգորիաներում, ինչպես նաև Միջազգային միության բնության պահպանություն տարածքների կատեգորիաներում (IUCN)։


Հիմնավորում

Ցուցանիշի ընտրության հիմնավորում

Այս ցուցանիշը թույլ է տալիս գնահատել երկրի էկոհամակարգերի դեգրադացիայի  և կենսաբազմազանության կորստի վերաբերյալ արձագանքը։ Այն բնութագրում է արժեքավոր տարածքների պաշտպանության աստիճանը կենսաբազմազանության, մշակութային ժառանգության պահպանման, գիտական հետազոտությունների
(ներառյալ այդ տարածքներում ընթացող գործընթացների ֆոնային մոնիթորինգը), հանգստի, բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի այլ արժեքավոր բաղադրիչների պահպանման համար։

Գիտական հղումներ

 

Միավորված Ազգերի Կազմակերպության «Կենսաբազմազանության մասին կոնվենցիան» (Ռիո դե Ժանեյրո, 05.06.1992թ.) ուղղված է պահպանվող տարածքների համապարփակ, արդյունավետ կառավարվող և էկոլոգիապես ներկայացուցչական ազգային և տարածաշրջանային համակարգերի ստեղծմանը և պահպանմանը:

Թիրախներ

Ազգային թիրախներ

2006թ․ հոկտեմբերի 27-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» N211-Ն ՀՀ օրենք

2014 թ․ սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը եվ միջոցառումները հաստատելու մասին» N 1059-Ա ՀՀ կառավարության որոշում

2007թ․ օգոստոսի 30-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 1044-Ն որոշում

Միջազգային թիրախներ

2022թ․ «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովը ընդունեց Կունմինգ-Մոնրեալի Համաշխարհային կենսաբազմազանության շրջանակը (GBF), որի նպատակն է կասեցնել և հակադարձել կենսաբազմազանության կորուստը մինչև 2030 թվականը: Այն պարունակում է 23 գլոբալ թիրախ՝ յուրաքանչյուրում սահմանված գործողությունները պետք է անհապաղ նախաձեռնվեն և ավարտվեն մինչև 2030 թվականը: Նշված թիրախներին հասնելու գործողությունները պետք է իրականացվեն հետևողականորեն և ներդաշնակորեն՝ համաձայն  «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի» և նրա Արձանագրությունների և այլ համապատասխան միջազգային պարտավորությունների` հաշվի առնելով ազգային առաջնահերթությունները և սոցիալ-տնտեսական պայմանները:

23 թիրախների կարևոր դրույթներից են՝
• երկրի հողերի, ներքին ջրերի, ափամերձ տարածքների և օվկիանոսների առնվազն 30%-ի արդյունավետ պահպանումն ու կառավարումը՝ շեշտը դնելով կենսաբազմազանության և էկոհամակարգերի գործունեության համար առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածքների վրա
• ցամաքային, ներքին ջրերի և ափամերձ ու ծովային էկոհամակարգերի առնվազն 30%-ի վերականգնումը
•կենսաբազմազանության կարևոր նշանակություն ունեցող տարածքների կորուստի նվազեցումը, ներառյալ էկոլոգիական ամբողջականություն ունեցող էկոհամակարգերը
• սննդամթերքի համաշխարհային թափոնների և դրանց առաջացման նվազեցումը
• կենսածին նյութերի, ինչպես նաև թունաքիմիկատների և խիստ վտանգավոր քիմիական նյութերի կողմից բխող ընդհանուր վտանգի կրճատումը
• մինչև 2030 թվականը կենսաբազմազանությանը վնասող սուբսիդիաների աստիճանաբար դադարեցում, միաժամանակ մեծացնելով կենսաբազմազանության պահպանմանն և կայուն օգտագործմանն ուղղված դրական խթանները: 
Համաշխարհային կենսաբազմազանության շրջանակը զգուշացնում է․ «Նշված միջոցառումների անտեսման պարագայում կառաջանա կենսաբազմազանության տեսակների անհետացման համաշխարհային տեմպերի հետագա արագացում, որն արդեն առնվազն տասնյակից հարյուրավոր անգամ ավելի է, քան միջինում եղել է վերջին 10 միլիոն տարիների ընթացքում»:

Քաղաքականությանն առնչվող  փաստաթղթեր

 

 

 

Ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանություն

Այս ցուցանիշի համար անհրաժեշտ է ունենալ հանրապետության բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքների քարտեզները՝ նշելով դրանց գտնվելու վայրը, տարածքի մակերեսը, ստեղծման տարեթիվը և պահպանման տեսակը՝ ազգային օրենսդրության և միջազգային պահանջներին համապատասխան։ Միջպետական համեմատականների անցկացման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքները կարող են դասակարգվել նաև ըստ Միջազգային միության բնության պահպանության տարածքների (IUCN): Տվյալների մոնիթորինգն ու թարմացումը պետք է իրականացվի յուրաքանչյուր տարի: Տոկոսային ցուցանիշը կարող է հաշվարկվել հետևյալ բանաձևով.

ԲՀՊՏ-ի մասնաբաժինը (%) = (ԲՀՊՏ-ի ընդհանուր մակերեսը հա-ով կամ կմ2-ով)/երկրի ընդհանուր մակերեսը հա-ով կամ կմ2-ով)*100

 

Միջազգային համաձայնեցված մեթոդաբանություն

Միջազգային միության բնության պահպանությունը առանձնացնում է պահպանվող տարածքների կառավարման վեց կատեգորիա՝ երկու խմբով։ Լիովին պահպանվող տարածքները պահպանվում են բնական վիճակում և փակ են բնական պաշարների արդյունահանման համար։ Դրանք ներառում են I կատեգորիաների օբյեկտներ - արգելոցներ/բնության անձեռնմխելի տարածքներ, II կատեգորիայի օբյեկտներ - ազգային պարկեր; III կատեգորիայի օբյեկտներ - բնության հուշարձաններ։ Մասամբ պահպանվող տարածքները առանձնացվում են հատուկ օգտագործման համար (օրինակ ռեկրեացիոն) կամ որոշակի տեսակների կամ համակեցությունների համար օպտիմալ պայմաններ ստեղծելու նպատակով։ Դրանք ներառվում են IV կատեգորիայի օբյեկտների մեջ՝ արգելավայր (տարածքներ, որոնք ունեն հատուկ նշանակություն բնական համալիրների կամ նրանց բաղադրիչների պահպանման և վերականգնման, ինչպես նաև էկոլոգիական բալանսի պահպանման համար)/կենսամիջավայրերի և տեսակների պահպանությունը ակտիվ կառավարման միջոցով, V կատեգորիաների օբյեկտներ - ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտներ, և VI կատեգորիայի - կայուն բնական ռեսուրսների օգտագործմամբ պահպանվող տարածքներ։ Այս մեթոդաբանությունն ավելի ու ավելի է շատ է կիրառվում ցամաքային էկոհամակարգերի, ավելի քիչ՝ ծովային էկոհամակարգերի  և նվազագույն չափով` ներքին ջրերի էկոհամակարգերի դասակարգման համար: Ներքին ջրային էկոհամակարգերը, որպես կանոն,  խմբավորվում են ցամաքային էկոհամակարգերի դասակարգմամբ։ Այս ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանությունը ստանդարտացված չէ:
Հայաստանի համատեքստում բնության հատուկ պահպանվող տարածքների համապատասխանեցումը Միջազգային միության բնության պահպանություն տարածքների կատեգորիաներին կարող է ձևակերպվել հետևյալ կերպ.
I կատեգորիային համապատասխանում են Խոսրովի անտառ, Շիկահող և Էրեբունի արգելոցները։
II կատեգորիային համապատասխանում են Հայաստանի «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը։
III կատեգորիային համապատասխանում են Հայաստանի 232 բնության հուշարձան։
IV կատեգորիային համապատասխանում են Հայաստանի 27 արգելավայրերը:
V և VI կատեգորիաները կիրառելի չեն Հայաստանի համար։

Մեթոդաբանության հղում

 


Հայաստանի Հանրապետության 2006թ․ նոյեմբերի 27-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված են բնության հատուկ պահպանվող տարածքների` որպես բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առանձին օբյեկտների բնականոն զարգացման, վերականգնման, պահպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականության իրավական հիմունքները:
Սույն օրենքի համաձայն սահմանված են հետևյալ հասկացությունները․
ազգային պարկ՝ բնապահպանական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիոն արժեքներ ներկայացնող միջազգային և (կամ) հանրապետական նշանակություն ունեցող տարածք, որը բնական լանդշաֆտների ու մշակութային արժեքների զուգորդման շնորհիվ կարող է օգտագործվել գիտական, կրթական, ռեկրեացիոն, մշակութային և տնտեսական նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ․
պետական արգելոց՝ գիտական, կրթական, պատմամշակութային արժեք երկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և (կամ) հանրապետական նշանակություն ունեցող տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության․
բնության հուշարձան՝ գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ.
պետական արգելավայր՝ գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածք, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը և բնական վերարտադրությունը․
հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ տարածք, որտեղ հանդիպում են Հայաստանի Հանրապետության համար եզակի էկոհամակարգեր և վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներ․
միջազգային նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ միջազգային չափանիշներին համապատասխանող, միջազգային կանոնակարգերով ու ընթացակարգերով ընդունված բնության հատուկ պահպանվող տարածք, որտեղ հանդիպում են միջազգային նշանակության եզակի էկոհամակարգեր, դրանց բաղադրիչներ, և որտեղ իրականացվում է համընդհանուր էկոլոգիական մոնիթորինգ․

Մեթոդաբանության անորոշություն

«Բնության հատուկ պահպանվող տարածքները» ըստ Միջազգային միության բնության պահպանության տարածքների (IUCN) կատեգորիաների չեն կարող հստակորեն սահմանվել, քանի որ շատ ազգային նշանակության պահպանվող տարածքներ կարող են ներառվել Միջազգային միության բնության պահպանության տարածքների (IUCN) սահմանված մի քանի կատեգորիաների մեջ: Միջազգային միության բնության պահպանության տարածքների (IUCN) կոնկրետ կատեգորիայի սահմանումը հնարավոր է առանձին փորձագիտական գնահատմամբ:

Տվյալների բազայի անորոշություն

Ցուցանիշի հաշվարկման համար օգտագործվող տվյալները ունեն ժամանակային շարքի մեծ բացթողումներ և անճշտություններ: Մյուս կողմից, տվյալների հավաքագրման կարգը բավականաչափ պարզ չէ։ Հետևաբար, այս ցուցանիշի տվյալները ունեն մեծ անորոշություն։

Անորոշության հիմնավորում

Ինդիկատորը չի նկարագրում կառավարման որակը, և արդյոք պահպանված են տարածքները անհամատեղելի օգտագործումից: Ինդիկատորը պետք է համալրվի կառավարման արդյունավետության կամ ֆինանսավորման մասին տեղեկություններով, որոնք ցույց կտան նշված տարածքի ներուժը կենսաբազմազանությունը պահպանելու համար:

 

 Մետատվյալներ

Թեմա՝ Կենսաբազմազանություն և էկոհամակարգեր

Ցուցանիշի կոդը՝ D1

Թեգեր՝  Պահպանվող տարածքներ, Հայաստան

Ժամանակահատված՝ 1990-2024 թթ․

DPSIR՝  Արձագանք

Տիպոլոգիա՝ Նկարագրական ցուցիչ (տիպ A – ի՞նչ է կատարվում շրջակա միջավայրի և մարդկանց հետ):

Ամսաթիվ ՝

Հրապարակման ամսաթիվ/Վերջին փոփոխություն՝ 09․04․2026

Թարմացումների հաճախականություն՝ յուրաքանչյուր տարի

Կոնտակտային անձինք և պատասխանատու մարմինը՝

Կոնտակտային անձինք՝  Նաիրա Մանդալյան, Գոհար Հարությունյան, Ռուզաննա Սաֆարյան

Պատասխանատու մարմինը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, Տեղեկատվական վերլուծության ծառայություն