Հայաստանը համարվում է ջրի մատչելիության ցածր մակարդակ ունեցող երկիր և ենթակա է ջրի դեֆիցիտի՝ 45% ջրօգտագործման ինդեքսով (եթե այդ ցուցանիշը ավելի բարձր է, քան 40%, ապա համարվում է, որ տվյալ երկիրը գտնվում է ջրի դեֆիցիտի պայմաններում, ըստ ՏՀԶԿ-ի) և Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի գնահատումների համաձայն, ՄԱԿ-ի 164 երկրների շարքում դասվում է 34-րդ տեղում ըստ ջրի դեֆիցիտի մակարդակի։

Հաշվի առնելով երկրում առկա բոլոր ջրային ռեսուրսները ՝ Հայաստանը ունի տարեկան մեկ շնչի հաշվով մոտավորապես 3,100 մ3 ջրի մատակարման համար բավարար ռեսուրսներ (համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի (2006թ.) օգտագործման ենթակա մակերեսային ջրային ռեսուրսների ընդհանուր տարեկան քանակությունը կազմում է մոտ 8,1 միլիարդ մ3, իսկ օգտագործման ենթակա ստորերկրյա ջրային պաշարների քանակը կազմում է 1 միլիարդ մ3): Այնուամենայնիվ, այս ջրային ռեսուրսները հավասարաչափ բաշխված չեն տարածության և ժամանակի մեջ, բնութագրվում են գետերի հոսքի զգալի սեզոնային և տարեկան փոփոխականությամբ: Այսպիսով, ջրային ռեսուրսների պատշաճ կառավարումը առանցքային դեր ունի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի 17/CP7 որոշման համաձայն մշակված Հայաստանի երրորդ և չորրորդ ազգային հաղորդակցությունների շրջանակներում իրականացվել են ջրի ոլորտում վերջին օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգի, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման որոշ աշխատանքներ: Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ http://www.nature-ic.am/am/publication/THIRD-NATIONAL-COMMUNICATION/7367 : 2009 թ.-ին մշակված Զեկույցը, որն անդրադառնում է կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի ջրային ռեսուրսների խոցելիության հարցերին և հնարավոր տնտեսական հետևանքներին, կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ http://www.nature-ic.am/en/publication/VULNERABILITY-OF-WATER-RESOURCES-IN-THE-REPUBLIC-OF-ARMENIA-UNDER-CLIMATE-CHANGE–2009-/7319։

Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ: Հայաստանը ենթակա է բարձր ազդեցության կլիմայի փոփոխություններին, ինչպես նաև ունի դրանց նկատմամբ բարձր զգայունություն և հարմարվողականության սահմանափակ կարողություն: Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ, ընդ որում՝ 1929-1996թթ. ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանը 1961-1990թթ. միջինի նկատմամբ աճել է 0,4°C-ով, իսկ 1992-2016թթ.` աճը կազմել է 1,23°C: 1935-1996թթ. ընթացքում դիտվել է տարեկան տեղումների միջին քանակի նվազում 6%-ով, իսկ 1935-2016թթ. ընթացքում` մոտ 9%-ով:

Կլիմայի ապագա կանխատեսումները ցույց են տալիս ջերմաստիճանի շարունակական բարձրացում և տեղումների նվազում, ընդ որում կլիմայի փոփոխության ազդեցությունը հատկապես զգալիորեն նկատելի կլինի գյուղատնտեսության ոլորտում, բնական էկոհամակարգերի և Սևանա լճի համար: Կլիմայի փոփոխության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել http://www.nature-ic.am/am/publication/CLIMATE-RISK-MANAGEMENT-IN-ARMENIA/7296 հասցեով:

Ջրի որակի և ռեսուրսների կառավարման առնչությամբ Հայաստանի պարտավորությունները նկարագրված են ՀԸԳՀ -ում՝ (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և նրանց անդամ պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև՝ ստորագրված Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, 2017 թվականի նոյեմբերի 24-ին): Հայաստանի խորհրդարանը վավերացրել է նշված Համաձայնագիրը 2018 թ.-ի ապրիլի 11-ին, և նրա որոշ դրույթներ ուժի մեջ են մտել 2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ: ՀԸԳՀ – ի միջոցով է՛լ ավելի են ընդլայնվում ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, ճյուղային և առևտրային ոլորտներում: Նոր համաձայնագրին համահունչ՝ Հայաստանը և Եվրամիությունը համատեղ մշակել են Գործընկերության գերակա ուղղություններ, որոնցով սահմանվում են համագործակցության առաջնահերթ ոլորտները: Դրանք են՝ պետական կառույցների հզորացում և լավ կառավարում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, փոխկապակցվածություն, էներգախնայողություն, բնապահպանություն և կլիմայի փոփոխություն, շարժունակություն և մարդկանց միջև շփումներ:

ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզներ են մշակվել համաձայնագրի տարբեր բաժինների և առաջնահերթ ոլորտների համար:

Կլիմայի փոփոխության ազդեցությունը հաղթահարելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը 2016 թվականի հունիսին խորհրդակցությունների շարք է նախաձեռնել ազգային շահագրգիռ կողմերի միջև` ազգային հարմարվողականության ծրագրի (ԱՀԾ) գործընթացի շրջանակներում: Կառավարությունը ԱՀԾ գործընթացը դիտարկում է որպես առանցքային քայլ իր կողմից 2015թ․ ազգային մակարդակով սահմանված ներդրումներով ամրագրված հարմարվողականության նպատակների իրականացման ուղղությամբ, ըստ ոլորտների, մասնավորապես՝ ջրային ոլորտի ուղղությամբ, որը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ: Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ http://www.nature-ic.am/am/projects/National-Adaptation-Plan/1030 հասցեով:

Կլիմայի փոփոխության ռիսկերի, խոցելիությունների և ազդեցությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ http://www.nature-ic.am/en։