2000-2024թթ․ ժամանակահատվածում Հայաստանում վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսների ծավալները տատանվել են․ նվազագույն ծավալը դիտվել է 2000թ․ կազմելով 2873մլն մ3, առավելագույնը՝ 2007թ․՝ 9367 մլն մ3։ 2024 թվականին վերականգնվող քաղցրահամ ջրային ռեսուրսները կազմել են 8793․7 մլն մ3։
2000-2024թթ․ ժամանակահատվածում Հայաստանում քաղցրահամ ջրերի ջրառի նվազագույն արժեքը դիտվել է 2001թ․ կազմելով 1725․7 մլն մ3, առավելագույնը՝ 2024թ․՝ 3314․0 մլն մ3։ Թեև 2001թ. համեմատ 2024թ․ երկրի ընդհանուր բնակչությունը որոշակիորեն նվազել է, սակայն քաղցրահամ ջրերի ջրառն ավելացել է 1․9 անգամ՝ պայմանավորված տնտեսության զարգացմամբ:
2000-2024թթ. ընթացքում քաղցրահամ ջրի ընդհանուր օգտագործումն աճել է ավելի քան երկու անգամ՝ (2000թ․-ին՝ 1046 մ3, 2024թ․-ին՝ 2582.1 մ3): Գյուղատնտեսությանը, անտառատնտեսությանը և ձկնորսությանը 2024թ. բաժին են ընկել քաղցրահամ ջրերի օգտագործման 86%-ը:
2024թ. Հայաստանում կենցաղային ջրօգտագործումը մեկ շնչի հաշվով կազմել է 68․3 մ3 ջուր՝ 2000թ. -ի ՝ 48.1 մ3-ի դիմաց:
2009թ. սկսած նկատվում է ինչպես տնային տնտեսությունների ջրամատակարարման, այնպես էլ մեկ շնչի հաշվով ջրօգտագործման աճի միտում՝ պայմանավորված գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգի ընդլայնմամբ: Այսօր Հայաստանի բնակչության 95%-ը միացված է ջրամատակարարման կենտրոնացված համակարգին:
2024թ. Հայաստանի բնակչության մեծ մասը (96․3%) միացած էր կենտրոնացված և լոկալ ջրամատակարարման համակարգին:
Ջրի տրանզիտային կորուստները ջրամատակարարման համակարգում 2000-2009թթ․ աճել են 26.4 %-ով, սակայն 2010-2024թթ․ ժամանակահատվածում նկատվում է նվազման միտում՝ պայմանավորված ջրամատակարարման պետական համակարգի բարելավումներով: 2024թ. դրանք կազմել են ընդհանուր ջրամատակարարման 67.4%:
Թթվածնի կենսաքիմիական պահանջը (ԹԿՊ5) և ամոնիումի կոնցենտրացիան 2010-2024թթ. ընթացքում Հայաստանի գետերի բնակավայրերից ներքև գտնվող հատվածներում բարձրացել են: ԹԿՊ5-ով և ամոնիումով աղտոտվածության հիմնական աղբյուրները չմաքրված կամ ոչ բավարար մաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերն են, որոնք, գյուղատնտեսական արտահոսքերի հետ՝ մաքրման կայանների բացակայության պատճառով, լցվում են անմիջապես գետերը:
Կենսածին նյութերի (ֆոսֆատներ, նիտրատներ) հիմնական աղբյուրներն են կենցաղային կեղտաջրերը, գյուղատնտեսական հոսքաջրերը, անձրևաջրերը և ձնհալները: Բույսերի կողմից ամբողջությամբ չյուրացված կենսածին նյութերը, անցնելով գյուղատնտեսական հողերի միջով, կարող են ազդել գետերի ջրի որակի վրա: Ֆոսֆատների կոնցենտրացիան 2010-2024թթ. ընթացքում Հայաստանի գետերում բնակավայրերից ներքև ընկած հատվածներում բարձրացել են:
2024 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 383,1 հազ․ հա, ինչը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 12,9%-ը։